

Էրեբունի ամրոց պատմական հուշարձանը, գտնվում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ Արին բերդի բլրի վրա: Հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին Վարի թագավորության արքա Արգիշտի Ա-ի կողմից:
Համաձայն Խորխորյան արձանագրության, Արգիշտի Ա-ն Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասում գտնվող Խաթե և Ծուփանի երկրներից այստեղ է վերաբնակեցրել 6600 զինվորների: Դեռևս 1879-ին բլրի ստորոտից հայտնաբերված առաջին սեպագիրը, այնուհետև ռուս հնագետ Ա. Ա. Իվանովսկու ուսումնասիրությունները, միանշանակ, ձևավորում են մասնագիտական հետաքրքրություն հնավայրի նկատմամբ, իսկ 1950-ին սկսվում են Էրեբունի ամրոցի կանոնավոր պեղումները՝ Կ. Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Հենց առաջին իսկ տարում հայտնաբերված սեպագիր արձանագրությունից պարզվում է, որ այս ամրոցը կառուցվել է Արգիշտի I արքայի կողմից իր թագավորության հինգերորդ տարում` մ. թ. ա. 782թ., և անվանվել Էրեբունի (Էրբունի):

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց – թանգարանը հիմնադրվել է 1968թ. հոկտեմբերի 19-ին՝ ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի: Թանգարանը ստեղծվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող երեք նշանավոր հնավայրերի՝ Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների և գտածոների հիման վրա: Արգելոց-թանգարանն այսօր իր գործունեությունն իրականացնում է «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով: Այն հանդիսանում է հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում:
Էրեբունի թանգարանի շենքը կրկնում է ուրարտական պալատական կառույցների հորինվածքը: Նախագծի հեղինակներն են ճարտարապետներ՝ Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, քանդակագործը՝ Արա Հարությունյանը:

Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարն է Արման Աբրահամյանը:
Էրեբունի վարչական շրջանն ընդհանուր սահմաններ ունի Կենտրոն, Նորք-Մարաշ, Նոր Նորք, Շենգավիթ և Նուբարաշեն վարչական շրջանների հետ: Արտաքին սահմանագծով հարում է Կոտայքի և Արարատի մարզերին:
Տարածքը՝ 4850 հա
Բնակչությունը՝ 126 300 մարդ