Posted in Մայրենի

Գարուն

Ես շատ եմ սիրում գարունը: Գարնանը արևը ժպտում է երկնքից ու տաքացնում է բոլորին: Ծառերը սկսում են բողբոջել, իսկ ծաղիկները՝ ծաղկել: Գարնան գալուստը խորհրդանշող ծաղիկը ձնծաղին է: Ամեն տարի գարնան առաջին օրը ես տատիկիս նվիրում եմ մանուշակների փունջ և հիշեցնում նրան գարնան մասին:

Posted in Մայրենի

Անխելք մարդը. Հովհաննես Թումանյան

Ժամանակով մի աղքատ մարդ կար. որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ միևնույն աղքատն էր մնում։
Հուսահատված մի օր նա վեր կացավ, թե՝ պետք է գնամ գտնեմ աստծուն, տեսնեմ` ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից, ու ինձ համար մի բան խնդրեմ։
Ճանապարհին մի գայլ պատահեց.

― Առաջ բարի, մարդ-ախպեր, ո՞ւր ես գնում,― հարցրեց գայլը։

― Գնում եմ աստծու մոտ,― պատասխանեց աղքատը,― դարդ ունեմ ասելու։

― Դե որ գնաս աստծու մոտ,― պատասխանեց գայլը,― ասա մի սոված գայլ կա, գիշեր-ցերեկ ման է գալիս սարուձոր, ուտելու բան չի գտնում, ասա՝ մինչև ե՞րբ պետք է սոված մնա. որ ստեղծել ես՝ ինչո՞ւ չես կերակուր հասցնում։

― Լա՛վ,― ասաց մարդն ու շարունակեց ճանապարհը։

Շատ գնաց թե քիչ, պատահեց մի սիրուն աղջկա։

― Ո՞ւր ես գնում, ախպեր,― հարցրեց աղջիկը։

― Գնում եմ աստծու մոտ։

― Երբ որ աստծուն տեսնես,― աղաչեց սիրուն աղջիկը,― ասա այսպիսի մի աղջիկ կա՝ ջահել, առողջ, հարուստ, բայց չի կարողանում ուրախանալ, բախտավոր զգալ իրան. ի՞նչ պիտի լինի նրա ճարը։

― Կասեմ.― խոստացավ ճամփորդն ու գնաց. պատահեց մի ծառի, որ թեև ջրափին էր կանգնած, բայց չոր էր։

― Ո՞ւր ես գնում, ա՛յ ճամփորդ,― հարցրեց չոր ծառը։ ― Գնում եմ աստծու մոտ։

― Դե կանգնի՛ր, մի երկու խոսք էլ ես ապսպրեմ,― խնդրեց չոր ծառը,― աստծուն կասես՝ այս ի՞նչ բան է. բուսել եմ այս պարզ ջրի ափին, բայց ամառ-ձմեռ չոր եմ մնում. ե՞րբ պետք է ես էլ կանաչեմ։

Այս էլ լսեց աղքատն ու շարունակեց ճանապարհը։

Այնքան գնաց, մինչև գտավ աստծուն։ Մի բարձր ժայռի տակ, մեջքը ծառին դեմ տված, ալևոր մարդու կերպարանքով նստած էր աստվածը։

― Բարի օր,― ասաց աղքատն ու կանգնեց աստծու առաջին։

― Բարով եկար,― պատասխանեց աստված,― ի՞նչ ես ուզում։

― Էն եմ ուզում, որ ամեն մարդի էլ հավասար աչքով մտիկ անես, մեկին ավար չանես, մյուսին՝ խավար. ես այնքան տանջվում, աշխատում եմ, էլ չեմ կարողանում կուշտ փորով հաց գտնեմ, իսկ շատերը, որ իմ կեսի չափ էլ չեն աշխատում, հարուստ ու հանգիստ ապրում են։

― Դե գնա, հիմի կհարստանաս, քո բախտը տվեցի, գնա վայելի՛ր,― ասաց աստված։

― Էլ բան ունեմ ասելու, Տե՛ր,― ասաց աղքատն ու պատմեց սոված գայլի, սիրուն աղջկա ու չոր ծառի ապսպրանքը։

Աստված բոլորի պատասխանը տվեց, և աղքատը շնորհակալություն արավ ու հեռացավ։

Վերադարձին պատահեց չոր ծառին։

― Ինձ համար ի՞նչ ասաց աստված,― հարցրեց չոր ծառը։

― Ասաց, քո տակին ոսկի կա. մինչև այդ ոսկին չհանեն, որ արմատներդ հողին հասնի, դու չես կանաչիլ,― պատմեց մարդը։

― Էլ ո՞ւր ես գնում. արի՛ ոսկին հանիր, էլի, հա՛մ քեզ օգուտ կլինի, հա՛մ ինձ, դու կհարստանաս, ես էլ կկանաչեմ։

― Չէ՛, ես ժամանակ չունեմ, շտապում եմ,― պատասխանեց աղքատը,― աստված ինձ բախտ տվեց, ես շուտով պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ,― ասաց ու գնաց։ Հետո սիրուն աղջիկը պատահեց ու ճամփորդի առաջը կտրեց.

― Ի՞նչ լուր բերիր ինձ համար։

― Աստված ասաց՝ դու պիտի քեզ համար մի մտերիմ կյանքի ընկեր գտնես, այն ժամանակ էլ տխուր չես լինի, ուրախ ու երջանիկ կլինես։

― Դե որ այդպես է, արի՛, դու եղիր իմ կյանքի մտերիմ ընկերը,― թախանձեց աղջիկը ճամփորդին։

― Չէ՛, ես քեզ ընկերակցելու ժամանակ չունեմ, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ,― ասաց աղքատն ու հեռացավ։

Ճանապարհին սպասում էր սոված գայլը, հեռվից հենց որ տեսավ ճամփորդին, վազեց առաջը կտրեց։

— Հը՛, աստված ի՞նչ ասաց։

― Ախպեր, աստծու մոտ գնալիս քեզանից հետո մի սիրուն աղջիկ ու մի չոր ծառ էլ պատահեցին. աղջիկն ապսպրեց, թե ինչու ինքը չի կարողանում ուրախանալ, ծառն էլ թե՝ ինչո՞ւ է գարուն-ամառ չոր։ Աստծուն պատմեցի, ասաց. «Աղջկանն ասա՝ իրան համար մի կյանքի ընկեր գտնի՝ կբախտավորվի, ծառին էլ ասա՝ քո տակին ոսկի կա, պետք է այդ ոսկին հանեն, արմատներդ հողին հասնեն, որ կանաչես»։ Եկա իրանց պատմեցի աստծու խոսքերը. ծառն ասաց՝ դե արի, հանիր ոսկին տար, աղջիկն էլ թե՝ ես հենց քեզ եմ ընտրում ինձ ընկեր։ Ասացի. «Չէ՛, ախպեր, չեմ կարող, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ»։

— Իսկ ինձ համար ի՞նչ ասաց աստված,— հարցրեց սոված գայլը։

― Քեզ համար էլ ասաց՝ սոված ման կգաս, մինչև մի անխելք մարդ կգտնես, կուտես, կկշտանաս։

— Էլ քեզանից անխելք մարդ ո՞րտեղից գտնեմ, որ ուտեմ,— ասաց գայլն ու կերավ անխելք աղքատին:

Posted in Մայրենի

Ձախորդ Փանոսը

Ձախորդ Փանոսը

Հովհաննես Թումանյան

Ժամանակով մի աղքատ մարդ է լինում, անունը Փանոս։ Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է՝ ձախ է գնում։ Դրա համար էլ անունը դնում են Ձախորդ Փանոս։ Ունեցած-չունեցածը մի լուծ եզն է լինում, մի սել ու մի կացին։ Մի օր եզները սելում լծում է, կացինը առնում գնում անտառը փետի։ Անտառում էս Փանոսը միտք է անում, թե՝ մի բան որ ծառը կտրելուց ետը մին էլ նեղություն պետք է քաշեմ՝ ահագին գերանը գետնից բարձրացնեմ գցեմ սելի մեջը, ավելի լավ է՝ հենց սելը լծած բերեմ ծառի տակին կանգնեցնեմ, որ ծառը կտրեմ թե չէ, ընկնի մեջը։
Ասածն արած է։
Եզներով սելը բերում է մի մեծ ծառի ներքև կանգնեցնում, ինքը անցնում է վերի կողմը, կացինը քաշում՝ թրխկ, հա թրխկ։ Շատ է քաշում թե քիչ, էդ էլ ինքը կիմանա, ծառը ճռճռալով գալիս է զարկում, տակովն անում սելը ջարդում, եզներն էլ հետը։ Փանոսը մնում է ապշած կանգնած։ Ի՞նչ պետք է անի։ Կացինը վերցնում է ու ծոծրակը քորելով ճամփա է ընկնում դեպի տուն։
Ճամփին մի լճի ափով անց կենալիս է լինում։ Տեսնում է մեջը վայրի բադեր են լողում։ Ասում է՝ գլուխը քարը, չեղավ չեղավ, արի գոնե մի բադ սպանեմ, տանեմ տամ կնկանս։ Ասում է ու կացինը պտտում, շպրտում դեպի բադերը, որ մինն սպանի, բադերը ճղճղալով ցրվում են, փախչում են, որը եղեգնուտն է մտնում, որը թռչում գնում, կացինն էլ ընկնում է լճի խոր տեղը, տակն անում, կորչում։ Փանոսը մնում է լճի ափին կանգնած միտք անելիս։ Ի՞նչ անի, ի՞նչ չանի։ Շորերը հանում է դնում լճի ափին, ինքը մտնում մեջը, որ կացինը հանի։ Գնում է, գնում, քանի առաջ է գնում, ջուրն էնքան խորանում է, տեսնում է կարող է խեղդվել, ետ է դառնում, դուրս գալի։
Դու մի՛ ասիլ՝ Փանոսը որ լիճն է մտնում ու խորը գնում, էդ ժամանակ լճափով մի անցկենող է լինում, տեսնում է էստեղ թափած շորեր կան, եղեգնուտի մեջ խորը գնացած Փանոսին էլ չի նկատում, էս շորերը հավաքում է, առնում գնում։
Փանոսը լճից դուրս է գալի, տեսնում շոր չկա։ Մնում է տկլոր կանգնած։
Միտք է անում. «Ի՜նչ անեմ, տեր աստված, էսպես տկլոր ո՜ւր գնամ»։
Սպասում է մինչև մութն ընկնի։ Մթան հետ վեր է կենում գնում գյուղը։ Որ գյուղին մոտենում է, ասում է՝ էսպես տկլոր որ գնամ մեր տունը, տանըցիք ի՞նչ կասեն։ Արի գնամ ախպորիցս շոր առնեմ հագնեմ՝ էնպես գնամ կնկանս մոտ։
Ճամփեն ծռում է դեպի ախպոր տունը։
Դո´ւ. մի ասիլ՝ էդ գիշեր էլ ախպոր մոտ մեծարք կա, քեֆի էլ էն տաք ժամանակն է։ Դուռը ծերպ է անում, տեսնի ով կա, ով չկա, հյուրերից մինը կարծում է, թե շունն է, ձեռի կրծած ոսկորը շպրտում է դեպի դուռը, ոսկորը դիպչում է աչքին, աչքը հանում։
Փանոսը ցավից վայ՜վայ անելով ետ է դառնում, շներն էս ձենի վրա վեր են կենում, տեսնում են, օհո՛, մթնումը հրես մի տկլոր օքմին, ու չորս կողմից վրա են տալիս։ Շների հաչոցի վրա մարդիկ դուրս են թափվում, տեսնում են՝ մի տկլոր մարդ փախած գնում է, շները ետևից։ Առանց երկար ու բարակ մտածելու վճռում են, որ կա թե չկա սա սատանա է։
Բավական տեղ ղըչըղու տալով, հայհոյելով, հարայ-հրոցով ընկնում են ետևից, հալածում, տանում գցում անտառները։
Շներն էլ ետևիցը մի ճուռը պոկում են, ու էսպես տկլոր, աչքը հանած, կաղին տալով՝ խեղճ Փանոսը գնում է կորչում։
Մյուս օրը գյուղում տարածվում է, թե հապա չեք ասիլ՝ «Փանոսը կորել է։ Գնացել է անտառը փետի ու ետ չի եկել»։ Գեղահավան հավաքվում են գնում, գնում են անտառը ման գալի, սելն ու եզները գտնում են ծառի տակին ջարդված, ինքը չկա։
Դես Փանոս, դեն Փանոս. հարց ու փորձով հագուստն էլ գտնում են մեկի մոտ։
— Ա՛յ մարդ, էս հագուստը ո՞րտեղից է ընկել քեզ մոտ։
— Թե՝ ախպեր, էս հագուստը էսպես մի լճի ափին վեր ածած էր, հավաքեցի բերի։
Գնում են լճի չորս կողմը պտտում, կանչում՝ «Փանո՜ս, Փանո՜ս», Փանոսը չկա։
Վճռում են որ Փանոսը խեղդվել է։
Գալիս են ժամ ու պատարագ են անում, քելեխը տալիս։ Կնիկն էլ մի քիչ սուգ է անում, Փանոսին գովում, ափսոսում, հետո մի ուրիշ մարդ է ուզում, հետը պսակվում գնում։

Մի լուծ եզ – սայլին կամ գութանին լծելու 2 եզ
Տակով անել – տակը գցել, վրան ուլ գալ, ծածկել
Մեծարք – քե, ուրախություն, մեծարանք
Օքմին – մարդ
տակն անել – այստեղ՝ ինչ-որ բանի (ջրի) տակն անցնել, սուզվել
դուռը ծերպ անել – դուռը մի քիչ բացել
եղեգնուտ – եղեգով պատված տեղ
վեր ածած – թափված
գեղահավան – ամբողջ գյուղով
ղըչրղու – աղմուկ-աղաղակ

Հարցեր և առաջադրանքներ

1.Փորձի՛ր բացատրել:

գործը ձախ գնալ-գործը վատ անել
միտք անել-մտածել
ձենի վրա վեր են կենում-
տակն անել-
ճամփան ծռել-
քեֆի տաք ժամանակն է-
վրա տալ-
մթան հետ-
գլուխը քարը-
դես Փանոս, դեն Փանոս—-

2. Պատմի՛ր Փանոսի որսորդության մասին:
3. Տեքստում այս նախադասությունները գտի՛ր և ավարտի՛ր:
Ինքը մի բարի մարդ է լինում——————————:
Շատ է քաշում, թե՝ քիչ————————————-:
Ասում է՝ գլուխը քարը————————————-:
Դու մի ասիլ՝ էդ գիշեր էլ———————————-:

4. Ձախորդ Փանոսին նամակ գրի՛ր:

5. Հեքիաթը Փանոսի անունից համառոտ պատմի՛ր:

Posted in Մայրենի, Ընթերցանություն, Uncategorized

Խուլ այծերը

  1. Մի պառավ երեք խուլ այծ ուներ։ Մի օր պառավը կորավ։ Խուլ այծերը որոշեցին գտնել պառավին: Այծերը գնացին անտառի կողմ: Այնտեղ խուլ այծերը հանդիպեցին մի խուլ նապաստակի:

Այծերից մեկը հարցրեց.

-Մեր պառավին չե՞ս տեսել:

-Հա, ես էլ գազար ու կաղամբ եմ փնտրում:  Գնանք դիմացի այգի, կգտնե՛նք:

Այդպես խուլ այծերը գնում են այգի պառավին փնտրելու:

Posted in Հորինուկ, Մայրենի

Աղջիկ գազարը

        Մի օր աղջիկ գազարը դուրս եկավ իր հողից և նրա կանաչիները դարձան ոտքեր: Ու գնաց գազարը քայլելով դեպի անտառը: Նա տեսավ մի հսկա կաղնի՝ հազար ձմերուկի չափով: Գազարը բարձրացավ կաղնու վրա և քնեց նրա ճյուղին :Այդպես գազարը հայտնվեց կաղնու ճյուղին: