Գրականություն

  1. Կարդում ենք գրաբար

Վարդան Այգեկցի
Արծիւ եւ նետ
Արծիւն երթայր յերկինս, եւ հարին զնա նետիւ: Եւ նա զարմացաւ, թէ ո՞վ զայս արար: Հայեցաւ եւ ետես զնետն` զփետուրն իւր եւ ասէ.
— Վա՛յ ինձ, զի յինէն է պատճառ սպանման իմոյ:

Բառարան

երթայր — գնում էր
յերկինս — երկնքում
հարին — խփեցին
զնա — նրան
նետիւ — նետով
արար — արեց
հայեցաւ — նայեց
ետես — տեսավ
իւր — իր
ասէ — ասում է
զի — որ, որովհետև, քանի որ

Որսորդն եւ կաքաւն
Որսորդն կալաւ կաքաւ մի եւ կամէր զենուլ: Եւ ասէ կաքաւն.
— Մի՛ սպանանէր զիս, զի ես խաբեցից զբազում կաքաւս ու ածից յականատս քո:
Եւ ասէ որսորդն.
— Այժմ ստուգիւ մեռցիս ի ձեռաց իմոց, զի զսիրելիս եւ զազգականս քո մատնես ի մահ:

Բառարան
կալաւ — բռնեց
զենուլ — մորթել
ասէ — ասում է
զիս — ինձ
զի — որ, թե, որովհետև, որպեսզի
խաբեցից — խաբեմ, կխաբեմ, պիտի խաբեմ, խաբելու եմ
ածից — բերեմ, կբերեմ, պիտի բերեմ, բերելու եմ
ականատ — թակարդ
յականատ — (դեպի) թակարդները, թակարդներում
ստուգիւ — ստուգապես, իսկապես
մեռցիս — մեռնես, կմեռնես, պիտի մեռնես, մեռնելու ես
ի ձեռաց — ձեռքից
զսիրելիս — սիրելիներին
զազգականս — ազգականներին
մատնես — մատնում ես
ի մահ — մահվան

Կտակ վասն գանձի
Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ.
— Ո՛վ որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի ևւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն:
Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէին, եւ ամէն մէկ իւրն ջանայր, զի ինքն գտցէ զգանձն:
Եւ սկսաւ այգին աճիլ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ:

Բառարան
ոմն — մի մարդ, մեկը (ոմն աղքատ – մի աղքատ մարդ)
որդիս — որդիներ
ի ժամ մահուն — մահվան ժամին
կոչեաց — կանչեց
զորդիսն — որդիներին
որդեակք — որդյակներ
պահեալ — պահված
ի հարցն իմոց — իմ հայրերից, իմ հայրերի կողմից
յայգին — այգում
զտեղին — տեղը
ոչ ցուցանեմ — ցույց չեմ տալիս
որ — ով, ով որ
խորագոյն — ավելի խոր
փորէ — այստեղ` փորի
գտանէ — այստեղ` կգտնի
յետ մահուան հօրն — հոր մահվանից հետո
մեծաւ աշխատութեամբ — մեծ չարչարանքով
վարէին — վարում էին
իւր ջանայր — ինքն էր ջանում (ձգտում էր)
զի — որ, որպեսզի
գտցէ — գտնի, կգտնի, պիտի գտնի, գտնելու է
ետ — տվեց
ելից — լցրեց
զնոսա — նրանց
գանձիւ — գանձով

Առաջադրանքներ

  1. Առոգանությամբ բարձրաձայն կարդա առակները, ձայնագրիր դրանք։
  2. Առակները դարձրու աշխարհաբար։
  3. Բացատրիր առակներից յուրաքանչյուրի խրատը (ինչ է ցույց տալիս)։
  4. Տեղեկություններ գտիր համացանցից Վարդան Այգեկցու մասին։

Հայոց լեզու

  1. Լրացրու տառերը և կետադրիր։

    Երկինքը տեղ-տեղ ծածկված էր թու-պերով։ Սառը քամին անգթորեն ծեծում  էր քսանի-ամյա երիտասարդի կուր-քն ու արևախան- դեմքը։ Նա պատ-գամբի բազրի-ին կռթնած նայում էր գյուղի կողմը։ Լուռ ու մութ էր գյուղը չկար ոչ մի ճրա- ոչ մի ձայն։ Միայն ներքևի զառիվայրից թույլ կա-կանձ էր լսվում կարծես մրսում էր մի լքված մոռացված շուն։ Մեկ էլ հեռվից կարելի էր ունկ-նդրել գետի խուլ վշշոցը։
    Ջրաղացի առաջ մի փոքրիկ կրակ պեծին էր տալիս։ Երանի դրանց մտածեց երիտասարդը մինչև լույս զրույց կանեն։ Սարի հետևից լուսինը պռուն-ը հանեց։ Երիտասարդն իջավ սանդու-քով։ Շունը մոտեցավ նրան փաթաթվեց նրա ոտքերին մեղմորեն քսվելով անդրավարտի-ի փող-երին։
    Չամբար Չամբար փաղաքշական ձայնով ասաց նա։
    Շունը վազեց դարպասի կողմը մի քանի անգամ հաչեց ապա էլի հետ վազեց։
  2. Մեծատառերը թող այնտեղ, որտեղ դրանք հարկավոր են․

    ՄԵԾ ՀԱՅՔԻ ԱՅՐԱՐԱՏ ՆԱՀԱՆԳԻ ԱՐՇԱՐՈՒՆԻՔ ԳԱՎԱՌՈՒՄ՝ ԱՅՆՏԵՂ, ՈՒՐ ՄԱՅՐ ԱՐԱՔՍԸ ԵՎ ԱԽՈՒՐՅԱՆԸ ԽԱՌՆՎՈՒՄ ԵՆ ԻՐԱՐ ԵՎ ԿԱԶՄՈՒՄ ՄԻ ՀԱՐԹ ԹԵՐԱԿՂԶԻ, ՄԵԾԱԶԴԵՑԻԿ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՑ ՄԵԿԻ ԱՊԱՐԱՆՔՆ ԷՐ։
  3. Գոյականի հոլովում
    Գոյականի սեռական հոլովը կազմելիս բառերը փոփոխվում են տարբեր ձևերով: Ըստ դրանց՝ առանձնացվում են տարբեր հոլովումներ։ Ժամանակակից հայերենում կա ութ հոլովում՝ -ի, -ու, -վա, -ան, -ոջ, -ց, -ա-, -ո-։ Հոլովումները լինում են արտաքին և ներքին։ Արտաքին հոլովման ժամանակ հոլովական մասնիկն ավելանում է բառի վերջից, իսկ ներքին հոլովման ժամանակ փոփոխությունը կատարվում է բառի ներսում։ Արտաքին են -ի, -ու, -վա, -ան, -ոջ, -ց հոլովումները, իսկ -ա-, -ո- հոլովումները ներքին են։

    Արտաքին հոլովումներ
    Ի հոլովմանը պատկանող բառերի թիվը շատ մեծ է՝ գրքի, դպրոցի, նկարի, բառի և այլն։ Բոլոր գոյականների հոգնակիի ձևերը նույնպես հոլովվում են -ի-ով, բացի -ց հոլովմանը պատկանող բառերից, օրինակ՝ գառան, բայց գառների, քրոջ-քույրերի, տարվա-տարիների, իսկ Վարդանանք-Վարդանանց: Գոյականի հոլովումը որոշվում է ըստ եզակի սեռական հոլովի։
    Ու հոլովմանը պատկանում է ի-ով ավարտվող բառերի մեծ մասը (օրինակ՝ հոգի-հոգու, գինի-գինու), հետևյալ բառերը՝ ամուսին, անկողին, Աստված, մարդ;
    Վա հոլովմանը պատկանում է ժամանակ ցույց տվող գոյականների մի մասը, օրինակ՝ գիշեր-գիշերվա, օր-օրվա, ամիս-ամսվա, շաբաթ-շաբաթվա և այլն։ Սակայն ժամանակ ցույց տվող մի շարք բառեր այս հոլովմանը չեն պատկանում՝ րոպե, դար, վայրկյան, երեկո բառերը, ամսանունները և այլն։ Շաբաթ բառը հոլովվում է վա-ով, եթե արտահայտում է ամբողջ շաբաթվա՝ 7 օրվա իմաստ, այլ ոչ թե շաբաթ օրվա։
    ԱՆ հոլովմանը պատկանում է գրաբարում -ն վերջնահնչյունն ունեցած բառերի մի մասը՝ մուկ- մկան, դուռ- դռան, լեռ-լեռան, թոռ-թոռան, բեռ-բեռան, ծոռ-ծոռան, եզ-եզան, գառ-գառան, նուռ-նռան և այլն, ինչպես նաև -ում վերջածանցով կազմված բառերը, օրինակ՝ գրավում-գրավման, ուսում-ուսման, մոտեցում-մոտեցման։ Այս հոլովմամբ են հոլովվում նաև մանուկ (եթե անձնանուն չէ), գարուն, աշուն, ամառ, ձմեռ բառերը՝ գարնան, աշնան, ամռան, ձմռան, թեև գործածական են նաև ամառվա և ձմեռվա ձևերը։
    Ոջ հոլովման պատկանում են անձ ցույց տվող մի քանի բառեր՝ ընկեր-ընկերոջ, քույր-քրոջ, կին-կնոջ, տեր-տիրոջ, սկեսուր-սկեսրոջ, աներ-աներոջ և այլն։ Սրանց մի մասը կարող է հոլովվել նաև -ի-ով։
    Ց հոլովման  պատկանում են -անք, -ենք, -ոնք, -ունք ածանցներով կազմված այն բառերը, որոնք տոհմ, ազգակցություն, գերդաստան են ցույց տալիս, ինչպես՝ Սահակենք-Սահակենց, Վարդանանք-Վարդանանց, մերոնք-մերոնց, Վեդունք-Վեդունց և այլն։ Այսպես են հոլովվում նաև մարդիկ, կանայք և տիկնայք հոգնակիները՝ մարդկանց, կանանց, տիկնանց։
    Ներքին հոլովումներ
    Ո հոլովման պատկանում են հայր-հոր, մայր-մոր, եղբայր-եղբոր և նրանցով կազմված այն բառերը, որոնցում նրանք վերջին բաղադրիչ են (օրինակ՝ հորեղբայր, նախահայր)։ Այս հոլովումը ներքին է, որովհետև փոփոխությունը կատարվում է բառի ներսում։
    Ա հոլովման պատկանում են -ություն վերջածանցով կազմված բառերը (օրինակ՝ մեծություն-մեծության, ընկերության, գեղեցկության), ինչպես նաև տուն, շուն, սյուն, ձյուն, արյուն, անկյուն, անուն բառերը։ Անկյուն բառը հիմնականում այսպես է հոլովվում, երբ երկրաչափական հասկացություն է (օրինակ՝ Որոշել տրված սուր անկյան աստիճանը), իսկ մյուս դեպքերում սովորաբար հոլովվում է ի-ով (օրինակ՝ Սենյակի անկյունի մոտ կախված նկարը գեղեցիկ էր)։ Հոլովման ժամանակ անուն բառում կատարվում է ու-վ հնչյունափոխություն՝ անուն-անվան։
    Այլաձև հոլովում։
    Ընդհանուր հոլովումից շեղվում են մի քանի բառեր, որոնք ունեն այլաձև հոլովում՝ աղջիկ-աղջկա (-ա արտաքին հոլովում), սեր-սիրո (-ո արտաքին հոլովում), մահ-մահվան (-վան արտաքին հոլովում), դուստր-դստեր, կայսր-կայսեր (-ե ներքին հոլովում)։ Դուստր և կայսր բառերը կարող են հոլովվել նաև -ի-ով։ Սրանցից բացի՝ կան նաև այլ ձևեր, որոնք, սակայն, հնացած են և գործածվում են միայն որոշ կապակցություններում, ինչպես՝ հուսո, լուսո, սգո, պատվո (-ո արտաքին), ծննդյան, հանգստյան, գալստյան, կորստյան (-յան հոլովում)։ Սովորաբար այս բառերը հոլովվում են ի-ով։

    Առաջադրանքներ:
    Արտաքին հոլովում
    1. Բառաշարքում ընդգծիր /ի/ հոլովման պատականող 6 բառ
    2․ Երկիր, մորեղբայր, գնդակ, ձի, տղա, մարդ, վարձ, ձու, ընկեր, ուսուցիչ։
    3․ Բառաշարքում ընդգծիր /ու/ հոլովման պատկանող 6 բառ:
  4. Կսկիծ, ամուսին, տատ, ուռենի, ականջօղ, տղամարդ, թագուհի, պապ, ոսկի, քեռի:
  5. Բառաշարքում ընդգծիր /վա/ հոլովման պատկանող 6 բառ:
  6. Ուրբաթ, տարի, ժամ, գագաթ, գիշեր, րոպե, ամիս, դար, օր, ցերեկ:
  7. Բառաշարքում ընդգծիր /ան/ հոլովման պատկանող 6 բառ:
  8. Ընդմիջում, ձնաբուք, սառցալեռ, հուշասյուն, ամառ, բեռ, ազգանուն, նուռ, տեսանկյուն, գարուն:
  9. Բառաշարքում ընդգծիր /ոջ/ հոլովման պատկանող 6 բառ:
  10. Բաժնետեր, տերտեր, տիկին, որդի, հարսնաքույր, լապտեր, դասընկեր, դուստր, տեր, կին:

    Ներքին հոլովում
    1. Բառաշարքում ընդգծիր /ա/ հոլովման պատկանող 6 բառ:
    Եռանկյուն, շարժում, ձյուն, թոնրատուն, ձուկ, շուն, թերություն, կորյուն, արյուն, հանգիստ
    3․ Բառաշարքում ընդգծիր ո հոլովման պատկանող 6 բառ։
    Բուժքույր, հայր, տիրամայր, խաղընկեր, մորեղբայր, վանահայր, քույր, եղբայր, սկեսրայր, նախահայր:
Design a site like this with WordPress.com
Get started